Աղբիւր՝ www.yerkir.am

 

(14 ապրիլի, 1915 թ. թերթ «Սախալխօ փուրցելի» № 257) Օսմանների երազանքը: Երիտթուրքերի «Տանին» թերթը գրում է. Օսմանեան կայսրութիւնը դուրս չի գայ պատերազմից, մինչեւ Ռուսաստանը չթուլանայ եւ թուրք-ռուսական սահմանը չանցնի կովկասեան լեռնաշղթայով:

(11 յունիսի, 1915 թ. թերթ «Սախալխօ փուրցելի» № 304) Ստամբուլից եկածները պատմում են, որ այնտեղ իրավիճակը սրվում է եւ օրէցօր դառնում ճգնաժամային: Կախել են 23 հայի, որոնց վերջերս էին բռնել, նրանց մեջ է Խորհրդարանի պատգամաւոր Զոհրաբ բէյը: Ստամբուլում շարունակւում են հայերի հետապնդումները: Առանց որեւէ պատճառի ձերբակալել եւ մահւան են դատապարտել 20 հայ տղամարդու եւ 3 հայ կանանց: Բուրլասում եւ Այւալում եւս ամէն օր հետապնդում են քրիստոնեաներին:

(23 յուլիսի, 1915 թ. թերթ «Սախալխօ փուրցելի» № 339) Յուլիսի 20: Ստամբուլում հայերի հետապնդումները ստացել են սիստեմատիկ բնոյթ: Աքսորը, պատիժը, ձերբակալութիւնը դարձել էին սովորական երեւոյթներ: Հայերի մեծամասնութեանը բռնի ուժով ստիպում էին ընդունել իսլամը:

(29 յուլիսի, 1915 թ. թերթ «Սախալխօ փուրցելի» № 344) Հինգ օր շարունակ քրդերը կոտորում էին հայերի: Սպանւել է 10.000 հայ: Կոտորելու պատճառ էին բերում այն լուրերը, թէ իբր հայերը պատրաստւում են յեղափոխութիւն իրականացնել օսմանեան իշխանութեան դէմ: Սպանւածների դիակները գցում էին Եփրատ եւ Տիգրիս գետերը: Ստամբուլում վերջին 7 օրւայ ընթացքում կախաղան են բարձրացրել 7 հայ գործիչների:

(8 օգոստոսի, 1915 թ. թերթ «Սախալխօ փուրցելի» № 352) Մարդը պէտք է նմանւի վայրի կենդանու, որպէսզի փակի աչքերն ու ականջները այն ահաւոր դէպքերի վրայ, ինչ տեղի էին ունենում: Իմ գրիչը թոյլ է, որպէսզի կարողանայ փոխանցել այն ողբն ու սրտի ցաւերը, որոնք ես տեսայ յուլիսի 11-ին Վանում, որը գտնւում է Հայաստանի Բայազետ շրջանում: Միայն կը նկարագրեմ դէպքերը. Յուլիսի 11-ին ռուսական զինւորները նահանջեցին Մուշ-Մալազկերտ-Բիթլիսից, եւ նրանց հետեւեցին հայերը: Միայն Վանի վիլայէթից 200.000 հայից ոչ պակաս: Վազում է, գլուխը ջարդելով, հայ ժողովուրդը: Մէկը` ձիով, մէկը` ոտքով, միւսը` ցլով... Ժողովուրդը չէր կարողանում իր ուսերին կրել ունեցւածքը եւ թափում էր ճանապարհին: Գնում է ժողովուրդը ոտաբոբիկ, սոված, շոգից հիւծւած, չորացած բերանով, եւ ամբողջ ճանապարհը Վանից մինչեւ Իգդիր լցւած էր խեղճ, սոված, տանջւած ժողովրդով: Ով հնարաւորութիւն ունէր, օրինակ` հարուստները, նրանք հեշտութեամբ փրկւեցին, կառքերով սլացան դէպի Իգդիր: Դուք երբեւէ լսել էք, որ սովորական անցորդը 6 վերստի ընթացքում վերցնի 2 կնոջ` հենց նոր ծննդաբերած երեխաներով: Մեր ռազմական հոսպիտալը լցւել էր կաղերով, կոյրերով, նորածին երեխաներով: Երէկ մենք հանդիպեցինք մի կնոջ` 4 երեխաներով: Մեծը 7 տարեկան էր, չորսամեայ աղջիկը հիւանդ էր, եւ մայրը տանում էր նրան ձեռքերի վրայ Վանից կամ էլ Արջինից: Այդպէս նրանք անցան 200 վերստից աւելի: Երեխաները ողբում են: Մայրը, նրա վրայ սարսափելի էր նայելը: Գզգզւած, չորացած բերանով, արցունքները չէին հոսում... չորացել էին... քայլում էր կաղալով: Մօտեցաւ մեր վրանին, գետնին դրեց երեխաներից մէկին, անձայն ողբաց, գրկեց նրան, լաց եղաւ, յետոյ վերցրեց եւ աղաչող հայեացքով ուղղեց դեպի ինձ: Այդպիսի լքւած բազմաթիւ երեխաների ես հանդիպեցի ճանապարհին: Շատ մահացած երեխաների հանդիպեցի, շատ ողջ ու լքւած երեխաների: Միայն նա, ով գրում է այս տողերը, ունի 6-7 վերցրած երեխաներ: Երեխաներից մէկի ծնողները յայտնւեցին: Մնացածը մնացին ինձ մօտ: Բոլորն աղջիկներ էին: Երեւի տղաներին աւելի հազւադէպ էին թողնում ճանապարհներին: Բանակն օգնում էր նրանց հնարաւորինս: Չէիք տեսնի որեւէ զինւորի, որի ուսերին նստած չլինէր գոնէ մէկ երեխայ: Բայց ո՞վ կարող է փրկել, կերակրել եւ հոգատարութեան տակ առնել 200.000 մարդու: Այդ պատճառով էլ շատերը մահանում էին ճանապարհին:

(10 օգոստոսի, 1915 թ. թերթ «Սաքարթւելօ» № 65) Օսմանների երկրում կրկնւեց 1894-1896 թթ. հայերի կոտորածը: Բիթլիսում սպանւել եւ Տիգրիս գետն է նետւել 9000 հայ: 40.000-ը սպանւել է Կիլիկիայում: Որոշ շրջաններում բնակչութիւնն ամբողջութեամբ աքսորւել է անապատները: Դրա պատճառն է Վարազդատի կարծիքով, թուրքերի վախը հայերից, յեղափոխութեան կասեցման փորձը: Այդ ամէնը կատարւում էր ըստ երիտթուրքերի դիւանագիտութեան: Խալիֆա Գադժի-Գիլեշի, որը մուսուլմանների պաշտպանն էր, երկրորդ հրամանի համաձայն օսմանեան կայսրութիւնը պէտք է զտւէր հայերից:

(18 դեկտեմբերի, 1915 թ. թերթ «Սախալխօ փուրցելի» № 459) Ինչպէս գրում է «Հորիզոնը», «Man Guardian» թերթում տպագրել են յօդւած Օսմանեան կայսրութիւնում ապրող հայերի դրութեան մասին: Յօդւածում ամբողջ օսմանեան տարածաշրջանում հայերի ոչնչացումն ապացուցող փաստեր են բերւում: Թերթը գրում է, որ գերմանացիները օսմաններին ոգեշնչողներն են, եւ չնայած իրենք չեն մասնակցում հայերի կոտորածին, բայց նրանց մեղքը շատ զգալի է: Մենք պէտք է դատապարտենք գերմանացիներին, որ նրանք թոյլտւութիւն են տւել օսմաններին` ոչնչացնելու հնագոյն մշակոյթի տէր մի ամբողջ ազգի: Օսմանները ոչնչացնում են հայերին, որովհետեւ ատում են նրանց սէրը դէպի հաւատքը, նրանց խելքն ու տաղանդը: Ոմանք կարող են մեզ պատասխանել, որ գերմանացիներն այդքան մեծ ազդեցութիւն չունեն օսմանների վրայ: Գուցէ նման կարծիքն անհիմն չէ, բայց հարցն այն է, թէ արդեօ՞ք Գերմանիան փորձեց որեւէ կերպ խանգարել օսմաններին` հայերին ոչնչացնելու եւ կոտորելու մէջ: Ո´չ: Գերմանիան մեծ նշանակութիւն է տալիս Օսմանեան Թուրքիայի օգնութեանը, այդ իսկ պատճառով նրանք շատ հեշտութեամբ օսմաններին թոյլատրեցին ոչնչացնելու մի ամբողջ ազգի: Նրանք իրենց դաշնակցին անհարմարութիւն չպատճառեցին: Դրա համար էլ ոչ մի յոյս չկայ: Միակ բանը, որ մենք հիմա կարող ենք անել, դա արտերկրում տարածելն է ազգի ոչնչացման փաստի մասին սարսափելի լուրը, որպէսզի օգնենք հայերին փրկելու գոնէ նրանց, ովքեր կարողացել են վերապրել, որ գոնէ նրանք փրկւեն:

(3 յունւարի, 1916 թ. թերթ «Սաքարթւելօ» № 2) Անցեալ տարւայ ընթացքում հայ ժողովուրդն ապրեց մեծ դժբախտութիւն: Օսմանեան Հայաստանում ապրողներից սպանւեց 800.000 հայ: Մի մասն էլ փրկեց իր կեանքը` փախչելով Կովկաս: Անցեալ տարում հայերի կոտորածի մասին էր խօսում ամբողջ Անգլիան, Ամերիկան եւ բազում այլ մանր երկրներ: Անգլիայում նոյնիսկ փրկւածների համար սկսել են նւիրատւութիւն հաւաքել: